Տիգրան Կարապետյան (Խորհրդի նախագահ)
Տիգրան Կարապետյանը hանդիսանում է Ընկերության հիմնադիրը, և ունի ներդրումային խորհրդատվության հարուստ փորձ՝ ներդրումների կառավարման, միաձուլումների և ձեռքբերումների, կապիտալի շուկաների և կորպորատիվ կառավարման ասպարեզում: Նա ունի ավելի քան 40 տարվա գումարային փորձառություն հանրային և մասնավոր կառույցներին ու անձանց իրավական և գործարար տարբեր հարցերում օժանդակելու գործում, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ կորպորատիվ իրավունքը, ֆինանսները և կառավարումը, մասնավոր բաժնեմասնակցային և վենչուրային ներդրումները, պարտքային արժեթղթերի հրապարակային առաջարկները, արժեթղթավորումը, ինչպես նաև օժանդակել է ֆինանանսական և կորպորատիվ հատվածներում կարգավորիչ և քաղաքականության բարեփոխումներին։
Մինչ մասնավոր հատված գալը (2002թ. հունվար), նա աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում որպես նախագահի տեղակալ, դրանից առաջ զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում։ Նա աշխատել է նաև ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության Ֆինանսական Ոլորտի Զարգացման ծրագրում, որպես աշխատախմբի ղեկավար։
Նա ուսանել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում, ստացել՝ ինժեներ-տնտեսագետի որակավորում, Տնտեսագիտական Հետազտությունների Ինստիտուտում պաշտպանել է գիտական աշխատանք և ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչում: Նա եղել է հրավիրված դասախոս Քեմբրիջի Համալսարանում, զբաղվել է կորպորատիվ ֆինանսների հետազոտություններով։ Նա նաև ունի ՖԹ Խորհրդի Անդամի պրոֆեսիոնալ դիպլոմ։
Սկսած 2010 թվականից հանդիսանում է տարբեր կազմակերպությունների խորհդի անդամ, մասնավորաբար՝ հինգ տարի եղել է ՎԶԵԲ-ի պորտֆելային մի քանի ընկերություններում անկախ տնօրեն։ Նա նաև Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի նախագահն է, Տնօրենների Հայկական Ինստիտոտի համահիմնադիրն ու խորհրդի անդամը։ Նա նաև ունի ավելի քան 25 տարվա դասախոսական աշխատանքի փորձ, և այժմ դասավանդում է Երևանի Պետական Համալսարանում:
|
Հովհաննես Պետրոսյան (Խորհրդի անդամ)
Հովհաննես Պետրոսյանը հանդիսանում է Ընկերության խորհրդի անկախ անդամ: Նա «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադիր բաժնետերերն է, ինչպես նաև ընկերության տնօրենը։ Նախքան «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադրումը, Հ. Պետրոսյանը հանդիսացել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ ավագ մենեջեր և ղեկավարել է հաշվապահական խորհրդատվական ծառայությունների բաժինը։ Նախքան «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում աշխատանքի անցնելը նա ղեկավարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչությունը։ 1993թ. օգոստոսից մինչև 2002թ. հոկտեմբեր զբաղեցնելով այս պաշտոնը՝ Հ. Պետրոսյանն անմիջականորեն ղեկավարել է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների գործընթացը։
|
Նարինե Մելիքյան (Խորհրդի անդամ)
Նարինե Մելիքյանը «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ է։
Նա կորպորատիվ կառավարման, սոցիալական պատասխանատվության, հակակոռուպցիոն համապատասխանության փորձառու մասնագետ է: Ունի մասնավոր կազմակերպություններին կորպորատիվ կառավարման և կորպորատիվ իրավունքի վերաբերյալ խորհրդատվություն մատուցելու ավելի քան քսան տարվա փորձառություն:
Նարինե Մելիքյանը ղեկավարել է մի շարք հետազոտական և դրամաշնորհային ծրագրեր, ինչպես նաև դրանցում ներգրավված է եղել որպես փորձագետ: Նա եղել է ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը (2010թ.) մշակող աշխատանքային խմբի անդամ, ինչպես նաև ՀՀ կորպորատիվ կառավարման վերանայված կանոնագրքի նախագծի հեղինակային խմբի ղեկավար և հեղինակ:
Նարինե Մելիքյանն ունի երկու մասնագիտություն. առաջին կրթությամբ տնտեսագետ է, իսկ երկրորդով` իրավաբան: Նա ունի տնտեսագիտության թեկնածուի կոչում: Վերապատրաստվել է միջազգային հեղինակավոր հաստատություններում (Ռուսական տնտեսագիտական դպրոց, Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների կոնսորցիում, ՏՀԶԿ, ՀԲ, ՄՖԿ, ecoDa):
Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են կորպորատիվ կառավարմանը, կորպորատիվ պատասխանատվությանը, կայուն զարգացմանը, ESG-ին, տնտեսական աճին, ֆինանսական շուկաներին և ներդրումներին վերաբերող հիմնախնդիրները:
Նարինե Մելիքյանը հեղինակ է ավելի քան 50 հոդվածների, ինչպես նաև կորպորատիվ կառավարման վերաբերյալ մասնագիտական գրականության: Նա դասավանդում է Երևանի պետական համալսարանում:
2020թ. նա արժանացել է Diligent Corporation 2020 Modern Governance 100 մրցանակին։
|
Աշխատողներ`
Ալիկ Առաքելյան (գլխավոր գործադիր տնօրեն)
Ալիկ Առաքելյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 24-ին: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսահաշվային ֆակուլտետի Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում բաժինը: Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2006թ.-ից «Կապիտալ Ասեթ Մենջմենթ» ՓԲԸ-ում որպես ներքին վերստուգող: Աշխատել է նաև «Կորպորատիվ Կառավարման կենտրոն» հիմնադրամում որպես ծրագրի կոորդինատոր և խորհրդատու:
Ա. Առաքելյանը 2007թ.-ի օգոստոսից «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ում զբաղեցրել է բրոքեր-դիլերի պաշտոնը` պատշաճ հոգածությամբ կատարելով իր առջև դրված խնդիրներն ու պարտականությունները: 2015թ.-ից հանդիսանում է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն:
Ունի ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված ֆոնդի կառավարչի գործադիր մարմնի ղեկավարի համապատասխան որակավորում:
|
Նարինե Բալասանյան (ներքին աուդիտոր)
Նարինե Բալասանյանը ծնվել է 1973թ. ապրիլի 19-ին: Ավարտել է Երևանի Պետական Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտի Կառավարման և տնտեսական կապերի ֆակուլտետը 1995թ.-ին: 2010թ.-ից Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ ամբիոնի հայցորդ է:
Նարինեն ունի արժեթղթերի շուկան կարգավորող պետական և մասնավոր ոլորտներում աշխատելու մեծ փորձ: Աշխատանքային գործունեությունը (1995թ.) սկսել է ՀՀ ֆինանսների նախարարության արժեթղթերի շուկայի պետական կարգավորման և վերահսկողության տեսչությունում, այնուհետև շարունակել ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կորպորատիվ ֆինանսների վարչությունում` զբաղեցնելով առաջատար և գլխավոր մասնագետների պաշտոնները: 2007-2009թթ. աշխատել է «Կասկադ Ինվեստմենտս» ներդրումային ՓԲԸ-ում որպես գլխավոր մասնագետ-վերլուծաբան: Նա արժեթղթերի շուկայի, կորպորատիվ ֆինանսների ոլորտների փորձառու մասնագետ է: 2004թվականից մինչ օրս դասավանդում է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում: Հեղինակ է գիտական հոդվածների, համահեղինակ`Արժեթղթերի շուկա ուսումնական ձեռնարկին և առաջադրանքների, թեսթերի և խնդիրների ժողովածուին:
Նարինեն ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված ֆոնդի կառավարչի ներքին աուդիտորի համապատասխան որակավորում:
|
Արմինե Խաչատրյան (պահառու-ռեեստրավար)
Արմինե Խաչատրյանը տնտեսագետ է. ուսանել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի դպրոցում, ունի մագիստրոսի կոչում։
Ա.Խաչատրյանն աշխատում է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունում` որպես պահառու-ռեեստրավար։
Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են նախագծերի կառավարումը, արժեթղթերի շուկան, կորպորատիվ կառավարումը, ֆինանսական շուկաները, կրիպտոարժույթների շուկան։
|
Ընկերության հաշվապահությունը իրականացնում է «Էյ Էն Աուդիտ» ՓԲ ընկերությունը:
|